Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր 40-ամյակը կնշի Շամբոր դղյակում` վկայում է La Nouvelle République-ը։ Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը հաստատեց, որ նախագահը դեկտեմբերի 16-17-ը ընտանիքի հետ կանցկացնի Լուարա ի Շեր դեպարտամենտում, և ընդգծեց, որ ընտրությունից հետո նախագահն առաջին անգամ է հանգստյան օրեր վերցնում։ Էմանուել Մակրոնի 40 տարին լրանում է դեկտեմբերի 21-ին։ La Nouvelle République-ի տեղեկություններով` նա դղյակում չի գիշերելու, ընտանիքով իջևանել է մոտակա պանսիոնում, դղյակում նա տոնական ընթրիք կանցկացնի, երբ սրահներն արդեն փակվեն այցելուների համար։ Ելիսեյան պալատն ընդգծել է, որ բոլոր ծախսերը նախագահի անձնական հաշվից են կատարվել։ Դեկտեմբերի 15-ին Մակրոնը Շամբոր դղյակում հանդիպել է որսորդների միության անդամների հետ, հետո նախագահել է դղյակի շրջակայքում կատարված որսին հաջորդած ընթրիքը։ Շամբորը Լուարայի ամենահայտնի դղյակներից է: Ֆրանսիական Վերածննդի մարգարիտը կառուցվել է 5 հարյուրամյակ առաջ, Ֆրանցիսկոս 1-ինի համար և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, գտնվում է «Հանրապետության նախագահի պաշտպանության տակ»։
Էմանուել Մակրոնի ընդդիմախոսները բազմիցս քննադատել են նրա հակումը միապետական խորհրդանիշներին` սկսած ընտրությունը Լուվրի բակում Լյուդովիկոս 14-րդի արձանի մոտ նշելուց։ Մինչև ընտրությունը` 2016-ի հոկտեմբերին նա Challenges ամսագրին տված հարցազրույցում ասել էր նախագահին «Յուպիտերի դեր» տալու ցանկության մասին, որ կարող է «իր հետևից տանել հասարակությունը համոզմունքների գործողությունների ուժով»: Այդ ժամանակից Մակրոնի հակառակորդները հաճախ են դիմում «Յուպիտերին»` նրան քննադատելիս։ «Ինչ հիմար մտահղացում է։ Ես այնքան եմ հանրապետական, որ ինձ զայրացնում է միապետական խորհրդանիշներին առնչվող ամեն ինչ։ Ես դա ծիծաղելի եմ համարում»` ձախերի ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնն այսպես արձագանքեց Մակրոնի «արքայավայել հոբելյանին»։
Շամբոր դղյակը նախկինում էլ հմայում էր Ֆրանսիայի նախագահներին` Շառլ դը Գոլը և Ժորժ Պոմպիդուն նույնիսկ գիշերել են դղյակում։ Վալերի Ժիսկար դ’Էստենը որսորդության է գնացել և, ինչպես Ֆրանսուա Միտերանը, Շամբորում ընդունել է տարբեր երկրների դիվանագետների։ Ժակ Շիրակն ու Նիկոլա Սարկոզին Շամբորում երբեք չեն եղել։ Ֆրանսուա Օլանդը միայն ներկա է եղել նոր այգիների բացմանը։ Դեկտեմբերի 16-ին նախագահը ընտանիքի հետ եղավ «Բովալ» կենդանաբանական այգում, որտեղ 4 ամիս առաջ ծնված պանդայի ձագի կնքամայրը Բրիժիտ Մակրոնն է: Կիրակի օրը նախագահը շրջեց Շամբորի շրջակա պուրակում և զրուցեց այցելուների հետ։
RFI
Հ.Գ. Կուզեի՞ք լինել Ֆրանսիայի նախագահ և ծննդյան օրը 500-ամյա դղյակում տոնել` Գերմանիայի կանցլերի ու ԵՄ ղեկավարների հետ ԵՄ ապագան Բրյուսելում քննարկելուց ու փոփոխությունների ծրագիր ներկայացնելուց հետո և, իհարկե, աշխատանքային բուռն շաբաթից առաջ։ Ես` այո, բայց Իտալիայի, համենայն դեպս` խորհրդարանական երկիր է, նախագահը համեմատաբար ազատ է պատասխանատվությունից, հաստատում է վարչապետի ու Սենատի որոշումները, ընտրություններ է նշանակում ու իր համար ապրում է 500-ամյա ու ավելի պատմություն ունեցող դղյակներում անցկացնելով աշխատանքային օրը: Համարյա ինչպիսին լինելու է Հայաստանի ապագա նախագահը` բացառյալ դղյակի պահը։ «Ելքն» արդեն առաջարկել է նախագահի իր թեկնածուին` Արտակ Զեյնալյան, որ իդեալականորեն համապատասխանում է Սահմանադրությամբ որոշարկված պահանջներին, բայց ակնհայտ է, որ ԱԺ-ում 9 պատգամավոր ունեցող խմբակցությունը միայնակ չի կարող իր թեկնածուին առաջադրել։ ՈՒ հիմա շատ բարդ վիճակում է ԲՀԿ-ն: Եթե «Ծառուկյան» դաշինքը մերժում է «Ելքի»` Արտակ Զեյնալյանի թեկնածությունը պաշտպանելու առաջարկը, նվազագույնը պիտի պատասխանի հարցին` էլ ի՞նչ ընդդիմադիր է ինքը, թե՞ ընդդիմադիր է միայն Կարեն Կարապետյանին, բայց երբեք` Սերժ Սարգսյանին։ Խախուտ հիմնավորում կլինի նաև սեփական թեկնածուն առաջադրելն ու «Ելքին» «հակընդդեմ հայց» ներկայացնելը` իրենց թեկնածուին պաշտպանելու։ Առաջին քայլն արդեն «Ելքինն» է։ Նույնքան խախուտ հիմնավորում է լինելու և քաղաքական անդեմության վկայություն, եթե «Ծառուկյան» դաշինքն ընդհանրապես թեկնածու չառաջադրի` կստացվի, որ չեն մասնակցում պետականաստեղծման գործընթացին։ Գագիկ Ծառուկյանը երկու ելք ունի` կամ սեղմել ատամներն ու ժպիտով պաշտպանել Արտակ Զեյնալյանին, կամ` լիաթոք ժպիտով աջակցություն հայտնել ՀՀԿ-ի թեկնածուին, որ դեռ չի առաջադրվել։ Հետո կարելի է բացատրել, որ ընդդիմություն չի նշանակում իշխանության «թշնամի» և հանուն պետականության «ընդդիմադիր» դաշինքը պատրաստ է համագործակցել նույնիսկ իշխանության հետ։ Ահա այսպիսի «կարկանդակներ»: Իսկ Էմանուել Մակրոնը դեռ իր վերելքի ճանապարհին է։ Շնորհավորենք նրա ծննդյան օրը, մանավանդ որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին էլ Հայաստան է գալու։ Ճիշտ է` հազիվ թե Նիկոլա Սարկոզիի պես մեզ Ռոդեն նվիրի, բայց կան հարցեր, որ միայն նա կարող է լուծել` չէ որ նա սիրում է Յուպիտերին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ